ՈՒղարկում եմ այսպիսի առաջադրանք․․․

Կրթահամալիրում Վանո Սիրադեղյանի օրեր են, որի շրջանակում սովորողները կարդում-վերլուծում են Վանո Սիրադեղյանի քաղաքական հոդվածներից։ Ուղարկում եմ նրա հոդվածների փաթեթներից, ընտրի՛ր քեզ հետաքրքրող հոդվածը կամ հոդվածները, կարդա-վերլուծի՛ր, վերլուծությունը ուղարկի՛ր ինձ․․․

Առաջին անգամ չէ, որ ընթերցում եմ Սիրադեղյան։ Անցյալ տարի ինձ դուր չէր գալիս Վանոյի գրելաոճը, բառապաշարը, բայց որքան մեծանում եմ, հասկանում եմ, որ լավ էլ տեղին է ասված ամեն բան։ Սիրադեղյանը 20-րդ դարավերջի հայ իրականության այն եզակի անհատականությունն է, որն իր մեջ միավորել է տաղանդավոր արձակագրին ու քաղաքագետին, քաղաքական հմուտ գործչին, փայլուն վերլուծաբանին ու հրապարակախոսին։ Վանոն իսկական ֆենոմեն է։ Զարմանում ես, թե ինչպես է գրել իր հոդվածները կամ ինչ-որ գրառումներ արել, որոնք նույնիսկ հիմա՝ 30-35 տարի անց, չեն կորցրել իրենց արդիականությունը և դժվար էլ կորցնեն։

Ինչպես արդեն նշեցի, Սիրադեղյանի հոդվածներից որոշներին ծանոթ եմ դեռ անցյալ տարվանից։ Այսօր բացահայտեցի ևս 2 հոդված, որոնցով շատ տպավորված եմ։ «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» և «Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան» հոդվածները Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» ժողովածուից են։ Երկու հոդվածներն էլ հրապարակախոսական ոճի մեջ էին, թե՛ գրական բառեր էր օգտագործված, թե՛ խոսակցական, և թե՛ ժարգոն։ Այս հոդվածները միմյանց նման են այնքանով, որ երկուսում էլ Սիրադեղյանն իր զայրույթն ու դժգոհությունն է արտահայտում իշխանությունների, ինչու ոչ նաև հասարակության հանդեպ։ Վանոն իր հոգին ու զգացմունքներն է ներդրել այս հոդվածներում։ Հոդվածները կարդալով հասկանում ես, թե ինչքան մեծ նոխկանք, զզվանք և զայրույթ է այդ պահին զգացել, քանի որ ամեն մի զգացմունքը, հույզը յուրահատուկ ձևով ներկայացված են հոդվածներում։ Լինելով հրապարակախոս և քաղաքագետ, միևնույնն է, իր հոդվածներում և քաղաքական ելույթներում անմիջականորեն ներկայացնում էր հայ ազգի մշակութային խնդիրները, գրական հարցերը և մոռացված ավանդույթները, որոնք ամենից կարևորն էր իր համար։ Ցանկացած մշակութային խնդրի մեջ մեղադրում էր կառավարությանը։ Հայ ազգի ինքնության ցանկացած խնդրի ու հարցի մեջ գտնում էր պետության մեղքը։ «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» հոդվածում հիմնականում բողոքում է դարեր առաջ ներկայացված պատմությունից և իր ժամանակների իրականությունից։ Զարմանում է, թե դարեր առաջ ինչպե՞ս ենք այդքան հզոր հայրենիք ունեցել, իսկ իր ժամանակներում, նաև հիմա, մեր հայրենիքը կործանման եզրին է կանգնած։ Տեսնելով իր ժամանակների իրականությունը՝ մտածում է, որ պատմությունն արձանագրողները գրել են այն, ինչ իրենց հրամայել են, այլ ոչ թե իրականությունը։

Ի՞նչ երաշխիք կա, որ այսպես չի եղել։ Չէ՞ որ վերջին 12 տարիների (արդեն՝ 22֊ Լ․ Ա․) իրադարձությունների ընթացքն ու դրա պատմագրումը այնքան նման չեն իրար, որքան երկու տարբեր ժողովուրդների պատմությունը կամ նույն ժողովրդի տարբեր ժամանակաշրջանների պատմությունները։ Ինչի՞ց է երեւում, որ հին հայերը կարող էին ավելի խելացի եղած լինել, քան ժամանակակից հայը։

«Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան» հոդվածում ավելի շատ դժգոհում է հայերենի «ոտնահարված» լինելուց։ Բողոքում է, որ Հայաստանում հայերենն իր ուրույն տեղը չունի։ Հայերենի տեղը «զբաղեցրել» է կիսատ-պրատ ռուսերենը։ Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է և ՀՀ քաղաքացին պարտավոր է տիրապետել այս լեզվին։ Նույնիսկ, եթե օտարերկրացի ես, պարտավոր ես իմանալ մեր մայրենի լեզուն, քանի որ դու մեր երկրում ես։ Սիրադեղյանի հետ լիովին համաձայն եմ, քանի որ ինչ գրել է, շատ ճիշտ է գրել։ 30 տարի առաջվա հոդվածում շոշափել է մի թեմա, որը մինչև այսօր արդիական է։ Վանոն բողոքում է, որ իշխանությունը հայերենը պղծում է։ Նշում է, որ իշխանության մեծամասնությունը պետական լեզվին չի տիրապետում կամ «կոտրտված» հայերենով է խոսում, ինչն էլ հիմք է հանդիսանում երկրի մեռնելուն։ Պետական լեզվով խոսելու փոխարեն, կամ եթե նույնիսկ լեզվին չեն տիրապետում, սովորելու փոխարեն, խոսում են ռուսերեն, այն էլ կիսատ-պրատ։ Վերջերս շատ տհաճ բան եմ նկատել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկրում ռուսների թիվը բավականին շատացել է։ Ամեն քայլափոխին կարող ես հանդիպել ռուսի։ Նկատել եմ, որ երբ հայերը ինչ-որ տեղ ռուս են տեսնում, սկսում են ռուսերեն խոսել, որպեսզի ռուսն իրեն «լավ զգա»։ Տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ռուսն է մեր երկրում հյուր, այլ մենք ենք իր երկրում հյուր։ Մեր ազգի գիտակցության մեջ ոչ մի կերպ չի մտնում, որ առաջին հերթին պետք է գնահատենք մերը։ Ոչ թե մենք պետք է սովորենք մեր երկիր եկած օտարերկրացու լեզուն, այլ ինքը պիտի սովորի մեր լեզուն, քանի որ ինքն է մեր երկիր եկել։ Եթե սա մտնի մեր ժողովրդի գիտակցության մեջ, մենք շատ մեծ ձեռքբերում կունենանք։

Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն։

Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից։ Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն։ Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում։ Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы